«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Նախանձելն առողջությանը վնաս չի՞

Նախանձելն առողջությանը վնաս չի՞
11.03.2025 | 08:18

Երբ իննսունականներին սահմանները բացվեցին, ու քաղաքը լցվեց բազմագույն, երփներանգ, երփնալեզու տուրիստներով, երբ տեսա 80-85-90 տարեկան տատիկներին ու պապիկներին, որոնք գունավոր շալվարներով վայելում էին իրենց ծերությունը, շրջում էին աշխարհում ու նոր երկրներ տեսնում, նախանձեցի նրանց, շատ նախանձեցի։ Համեմատեցի մեր խեղճ ծնողների հետ, որոնց ծերությունը մնացել էր կայսրության փլատակների տակ, որոնք ամբողջ կյանքում աշխատելով ոչ թե ապահով ծերություն էին վաստակել, այլ հացի խնդիր, գոյության պայքար, ու նախանձեցի։

Երբ ոտքս երկրից դուրս ընկավ ու տեսա, թե ուրիշ երկրներում երեխաներն ինչ հոգատարության առարկա են, թե նրանք ինչ մանկապարտեզներ ու դպրոցներ են գնում, ինչ դիսնեյլենդներում են ժամանակ անցկացնում, էլի նախանձեցի, շատ նախանձեցի։ Համեմատեցի մեր երեխաների հետ, որոնց մանկությունն էլ էր կայսրության փլատակների տակ մնացել, որոնց խաղերը մեծերի հոգսերն էին և նավթահոտ մթության մեջ ծնվող երազները, ու նախանձեցի։

Երբ ապրեցի ուրիշ երկրներում ու տեսա, թե մարդիկ ոնց են ապրում, ոնց են աշխատում իրենց մասնագիտությամբ, հանգստյան օրերին՝ հանգստանում, տոներին՝ տոն անում, արձակուրդներին արտասահմաններում շրջում, լի խանութներից ուզած բաներն առնում, էլի նախանձեցի, շատ նախանձեցի։ Համեմատեցի մերոնց հետ, որոնք, ամեն մեկն իր տանը, կատարում էր պետության բոլոր ֆունկցիաները՝ լույս էր ապահովում, ջերմություն, ջուր էր կրում, պարկետ պոկող էր աշխատում, փայտ գողացող, ուտելիք ճարող․․․ ու նախանձեցի։

Երբ հիմա տեսնում եմ, թե տարբեր երկրներում քաղաքական գործիչներն ինչեր են ասում, ինչով են զբաղվում, էլի նախանձում եմ, շատ եմ նախանձում։ Համեմատում եմ մեր քաղաքական բեմի հետ, որի վրա ինչ-որ տեղից ընկած մարդանման արարածները մեր սեփական գերիներով առևտուր են անում իրար մեջ, ու նախանձում եմ, շատ եմ նախանձում, չափազանց շատ եմ նախանձում։

Հիմա, ասածս ինչ ա՝ էդքան նախանձելն առողջությանը վնաս չի՞...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12946

Մեկնաբանություններ